AM
5 Հոկտեմբեր 2012 - 07:13 AMT

Մի խումբ հայ անվանի և տիտղոսակիր մարզիկներ պատասխանել են Լևոն Մարտիրոսյանին

Մի խումբ հայ անվանի և տիտղոսակիր մարզիկներ հանդես են եկել բաց նամակով, որն ուղղված է հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին` ուղղված սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

« Լևոն Մարտիրոսյանի բացահայտ հեգնական ու անհարգալից տոնով և ծաղրանքով է արտահայտվել մեր մեծ ընտանիքի՝ մարզաշխարհի, մասին: Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում Հայաստանի պատիվը, հենց այդ մարզիկներն են, որ օտար երկրներում բազմիցս հնչեցնում են մեր հայրենիքի օրհներգը, հենց նրանց պատվին է, որ բարձրացվում է Հայաստանի ազգային դրոշը, այդ թվում նաև թշնամական երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում: Մեր պայքարն էլ մեր հաղթանակներն են, մեր հայրենիքի համար մենք էլ հաղթանակներով ենք պայքարում: Եվ ո՞վ է հեգնանքով արտահայտվում մարզաշխարհի մասին, մարդ, որի հանրօգուտ որևէ գործի մասին որևէ մեկը թե Հայաստանում, և թե Հայաստանի սահմաններից դուրս տեղյակ չէ»,- նշված է նամակում:

Ըստ նամակի հեղինակների, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի անհայտ եղբայրը սպորտի վերաբերյալ բաժակաճառերի մակարդակով լուծվող հարցերի մասին խոսելուց առաջ, նախ պետք է իրեն նեղություն տար գիտակցել, որ մարզաշխարհի մարդիկ, «ի տարբերություն պարապ զվռնող, իրենց ՄԻԱԿ համարող քաղաքական գործիչիկների, բաժակաճառերի ժամանակ քիչ են ունենում, քանի որ օրվա մեծ մասն անց են կացնում մարզադահլիճներում»:

Ըստ մարզիկների, նրանց սպորտային էթիկան թույլ չի տալիս պատասխանել Մարտիրոսյանին իրեն իսկ ոճով: