Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լեհաստանի ղեկավար Ալեքսանդր Կվասնեւսկու հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ղարաբաղյան հակամարտության, տարածաշրջանային համագործակցության, միջազգային եւ այլ հարցերի շուրջ: Ա. Կվասնեւսկին հայտարարել է, որ Լեհաստանը պաշտպանում է Ադրբեջանին տարածքային ամբողջականության հարցում: Նրա խոսքերով` «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, եւ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»: «Կողմերն իրենք պետք է հասնեն համաձայնության: Լեհաստանն իր հերթին պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- նշել է նա: Նախագահ Կվասնեւսկին հանդես է եկել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեհաստանում կազմակերպելու նախաձեռնությամբ: Դրանից բացի նա նշել է, որ լեհ դիվանագետ Անջեյ Կասպշիկին, որպես ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի, հատուկ ցուցումներ է տրվել խաղաղության պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում համապատասխան դիտարկում անցկացնելու վերաբերյալ: