AM
31 March 2005 - 06:21 AMT

ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ ԿԱԶԱԿՆԵՐԸ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԿՐՔԵՐ ԵՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ

Մթնոլորտը Նովոռոսիյսկում շիկանում է, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ինչպես հաղորդել են Նովոռոսիյսկի Մարդու իրավունքների կոմիտեում, մարտի 30-ին քաղաքում սկսել են տարածվել թռուցիկներ Նովոռոսիյսկի կազակների անունից: Թռուցիկը գրված է քերականական սխալներով եւ վերնագրված է «Հայկական համայնքի հանցագործ սանձարձակությունը հասել է կրիտիկական կետի» (պահպանված է հեղինակի ոճը): Թռուցիկի հեղինակները մարտի լույս 22 գիշերը Նովոռոսիյսկում տեղի ունեցած ծեծկռտուքը որակավորել են որպես ավազակային հարձակում կազակների վրա, պնդելով, որ հարձակվողները զինված են եղել դանակներով եւ ռետինե փայտերով: Միլիցիայի աշխատակիցները թռուցիկի հեղինակների կողմից մեղադրվում են անգործության եւ թողտվության մեջ: Հավաստիացվում է նաեւ, որ «այլեւս չեն կարող եւ չեն հանդուրժի հայկական սանձարձակությունը: Մենք ի վիճակի ենք եւ պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր ընտանիքներին, մեր հողը եւ մեր պատիվը: Մեր պարտքն է կասեցնել հայկովկասյան սանձարձակությունը»: Նույն աղբյուրի համաձայն, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները պահանջելու են քրեական գործ հարուցել ազգամիջյան պառակտում հրահերլու փաստով: Սակայն, հայտնի է, որ նման տիպի գործերը Կրասնոդարի մարզի իրավպահ մարմիններում եւ դատարններում անուշադրության են մատնվում: