Մարտի 30-ին, Փարիզի «Աստղ» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմի նախապրեմիերան, որին ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կինոնկարը եթեր կհեռարձակվի աապրիլի 13-ին` Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձից երկու շաբաթ առաջ, եվրոպական առաջատար ARTE հեռուստաալիքով, որն ունի բազմամիլոն հեռուստադիտողներ, մասնավորապես, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Մեկ ժամանոց պատմափաստագրական ֆիլմը, որը նկարահանել է ֆրանսուհի Լորանս Ժուրդանը, պատմում է Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով այդ ողբերգական իրադարձությունները որպես մարդկության դեմ հանցագործության անհերքելի փաստ: Ֆիլմում լայնորեն օգտագործվում են ցեղասպանություն վերապրած մարդկանց հիշողությունները, ներկայացվում են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի դիվանագետների վկայությունները: