Երևանի առաջին հեծանվուղու և գունազարդված կամարանցումի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին` ժամը 14:30-ին Օղակաձև զբոսայգու Առագաստ սրճարանին կից այգում:
Միջոցառումը կազմակերպում է «Կանաչաստան» ՀԿ-ն, որը «Առաջին հեծանվուղու բացումը Երևանում» Facebook-յան իրադարձության էջում նշում է, որ այդ օրը նախատեսվում է նաև կենդանի ջազ համերգ The Nooz Band-ի մասնակցությամբ, նկարչի կողմից 3D վարպետության դաս երիտասարդների համար: Ինչպես նաև ցանկացողներին անվճար հիմքունքներով տրվելու են հեծանիվներ նոր հեծանվային արահետով երթևեկելու համար:
Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և Երևանի Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:
Երևանի առաջին հեծանվուղին անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին: Սրանով սկիզբ է դրվում Երևանում տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ներդրմանն ու զարգացմանը:






