Հոկտեմբերի 9-ին Երևանում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներն ու գործադիր տնօրենները:
Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երևան էր ժամանել ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լևկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր Թեոդորիդիսը, ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» ղեկավար Մարկ Էսսելինգը, ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական Պասկալ Տորեսը, ՈՒԵՖԱ-ի բաժինների ղեկավարներ, մենեջմենթի ներկայացուցիչներ:
«Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող Կլոր սեղանների նպատակն է ՈՒԵՖԱ-ի անդամ ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ ավելի անմիջական և ավելի կառուցողական պայմաններում քննարկել ֆուտբոլի զարգացման ռազմավարական խնդիրներ, ՈՒԵՖԱ-ի և ազգային ֆեդերացիաների համագործակցության հեռանկարային մոդելներ և մոտեցումներ, որոնք կբերեն ֆուտբոլի առավել կայուն զարգացման, ֆուտբոլային ենթակառուցվածքների առավել դինամիկ եւ արդյունավետ փոխգործակցության:
Կլոր սեղանի ավարտին ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ երևանյան Կլոր սեղանի ընթացքում իրենք քննարկվել են բավականին հետաքրքիր հարցեր, առաջ են քաշվել նոր գաղափարներ` մասնավորապես կապված մրցավարության զարգացման խնդիրների հետ և, որ ինքը գոհ է քննարկման արդյունքներից:






