AM
10 Հոկտեմբեր 2012 - 08:50 AMT

ՄՕԿ-ը պաշտոնապես խոստացել է խստացնել դոպինգ-ստուգում անցնելու ընթացակարգը

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը պաշտոնապես խոստացել է խստացնել դոպինգ-ստուգում անցնելու ընթացակարգը: Նման կերպ հանձնաժողովն արձագանքել է այն հաղորդագրությանը, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ շատ մարզիկներ անտեսել են թեստավորումը և ոչ մի պատիժ չեն կրել:

Դոպինգ-ստուգումը բաց թողած մարզիկները կանչվել են արյուն հանձնելու կենսաչափական անձնագրերի ծրագրի շրջանակներում: Այդ մասին իրենց հաշվետվությունում գրել են Independent Observer-ի փորձագետները, ովքեր գնահատել են հակադոպինգային հսկողության արդյունավետությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դոպինգ-թեստն անտեսելու մասին հաղորդագրություններն առաջացրել են լայն հասարակական արձագանք: Մարաթոնյան վազքում աշխարհի ռեկորդակիր Պոլա Ռեդկլիֆը, ով հանդես չի եկել Օլիմպիադայում վնասվածքի պատճառով, զբաղվել է սոցիալական ցանցերում այդ տեղեկատվության տարածմամբ, իսկ իր Թվիթերում գրել է, որ ստեղծված իրավիճակը բացարձակապես անթույլատրելի է:

«Հիմնվելով Լոնդոնում ABP testing programme-ի առաջին փորձի վրա` ՄՕԿ-ը հետագայում սերտորեն կհամագործակցի միջազգային ֆեդերացիաների հետ, որպեսզի հաջորդ խաղերում կիրառի հսկողության ավելի խիստ ընթացակարգեր»,- հաղորդել են ՄՕԿ-ից: