Հոկտեմբերի 11-ին Էյլաթում (Իսրայել) տեղի կունենա շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի առաջին տուրը:
Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի «Միկա» ակումբը, որն առաջին տուրում կհանդիպի «Ռիշոն լը Սիոնի» հետ:
Հայկական թիմի կազմում հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին և Աննա Հայրապետյանը:
Եվրոպայի ակումբային գավաթը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի վերահսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, հետո 30 րոպե մինչ պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար՝ առաջինից սկսած:
Նշենք, որ 2006 թվականին «Միկան» դարձավ Եվրոպայի գավաթի հաղթող:






