AM
11 Հոկտեմբեր 2012 - 09:35 AMT

Վարդան Մինասյան. Մենք պետք է կարողանանք բալանս ստեղծել հարձակման և պաշտպանության միջև

Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Իտալիայի դեմ խաղի հիմնական կազմի առումով միայն մեկ դիրքում չի կողմնորոշվել:

«Մենք այսօր էլ մեկ մարզում ունենք, և արդեն երեկոյան ես կիմանամ նաև, թե ով է խաղալու այդ դիրքում»,- ասաց նա:

Մարզիչը խոստովանեց, որ Իտալիայի դեմ խաղում կարևոր է լավ ու գրագետ խաղը, ինչն էլ կբերի արդյունքի:

«Հոկտեմբերի 9-ին և 10-ին մենք մարզում ենք անցկացրել «Հրազդանում» և այն ոչնչով չի տարբերվում Հանրապետականից:

Նույն խոտածածկի որակն է, և հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ երկրպագում էին Հանրապետականում, կլինեն նաև այստեղ: Ես համոզված եմ, որ մեզ հետ կլինեն նաև հազարավոր երկրպագուներ Հայաստանի տարբեր քաղաքներից ու սփյուռքից»,- ավելցրեց Մինասյանը:

Ըստ մարզչի, վերջին խաղերում Հայաստանի հավաքականի մոտ ավելի լավ ստացվում էր պաշտպանությունը, քան հարձակումը:

Հիմա անհրաժեշտ է բալանս ստեղծել. «Վերջին երկու խաղերը` Մալթայի և Բուլղարիայի դեմ, մեզ մտածելու տեղիք տվեցին:

Միգուցե մենք հիմա ցույց չենք տալիս այն խաղը, որը կար Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում, հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի լավ և գրավիչ խաղ ցույց տանք»:

Հայաստան-Իտալիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 21:00 է: