AM
12 Հոկտեմբեր 2012 - 10:56 AMT

ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել միավորված առաջնություններ անցկացնելու գաղափարին

ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել միավորված առաջնություններ անցկացնելու գաղափարին, որտեղ հանդես կգան մի քանի երկրներ ներկայացնող ակումբներ:

Առաջին նման մրցաշարը կարող է դառնալ Բալկանյան տարածաշրջանի առաջնությունը, որին կմասնակցեն 8 երկրների 16 ակումբներ, որոնք ներկայացնում են նախկին Հարավսլավիայի պետությունները:

Ենթադրվում է, որ նման առաջնություն կարող է կայանալ 2015-ին: Բուդվայում սեպտեմբերի 17-ին և 18-ին կայացել է հանդիպում, կազմակերպված ՈւԵՖԱ-ի կողմից, որին մասնակցել են ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցության հարցերով ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար և ղեկավար Թեոդոր Թեոդորիդիսը:

Ներկա պահին նոր լիգայում մասնակցության մասին հարցը քննարկում են թիմեր Խորվաթիայից, Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Սլովենիայից, Մակեդոնիայից և Մոնտենեգրոյից, ինչպես նաև Հունգարիայից և Բուլղարիայից: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին արդեն իր աջակցությունն է հայտնել նոր գաղափարին: Պետք է նշել, որ նման դեպքն արդեն տեղ է գտել ֆուտբոլի պատմության մեջ: Ավելի քան 10 տարի առաջ քննարկվել է Նիդերլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի և Բելգիայի թիմերից կազմված Ատլանտյան լիգա ստեղծելու հարցը, սակայն այդ ժամանակ ՈւԵՖԱ-ն կտրականապես դեմ է եղել: