AM
15 October 2012 - 07:35 AMT

Արցախում շահագրգռված են ՀԲԸՄ հետ կապերի հետագա խորացման մեջ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառուցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին և քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայ բարեգործական ընհանուր միության մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ: Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլը և հեռանկարները, անդրադարձել արտաքին քաղաքականության որոշ հիմնախնդիրների:

Նախագահ Սահակյանի խոսքով՝ Հայ բարեգործական ընհանուր միությունը հայկական ամենահին կազմակերպություններից մեկն է, որն անգնահատելի դերակատարություն ունի Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում: Շոշափելի է կազմակերպության ներդրումը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և հայրենիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման գործում:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում շահագրգռված են կազմակերպության հետ կապերի հետագա խորացման ու փոխգործակցության ընդլայնման մեջ, որի համար կանեն հնարավոր ամեն ինչ:

Հանդիպման վերջում նախագահը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: