AM
11 April 2005 - 02:47 AMT

ԲՈՒՆԴԵՍՏԱԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՔԴՄ/ ՔՍՄ նախաձեռնությամբ «Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ ապրիլի 24 հայ զոհերի հիշատակի օր` Գերմանիան պետք է նպաստի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը» վերնագրով բանաձեւի նախագիծը գերմանական Բունդեստագի քննարկմանը կդրվի ապրիլի 21 կամ 22-ին: Այդ մասին հայտարարել է գերմանական խորհրդարանի պատգամավոր, բանաձեւի հեղինակ, Բունդեստագում Գերմանակովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Քրիստոֆ Բերգները հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով, թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե տվյալ նախագծի քննարկումը հետաձգվում է անորոշ ժամանակով, չի համապատասխանում իրականությանը: «Ապրիլի 21 կամ 22-ին տեղի կունենա տվյալ նախագծի առաջին ընթերցումը, որից հետո միջազգային քաղաքականության կոմիտեն կքննարկի այդ հարցը: Ակնկալվում է, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի մինչեւ ամառ»,- նշել է Կ.Բերգները: Հիշեցնենք, որ ըստ թուրքական ԶԼՄ-ների, լսումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծով հետաձգվել են իբր այն պատճառով, որ գերմանական կողմը չէր ցանկանում նեղացնել Թուրքիային Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին: