«Շախտյորի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «La Stampa» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ աշխարհի առաջնության ընտրական խաղում Իտալիայի հավաքականի դարպասին գոլ խփելիս իրեն հիանալի է զգացել:
«Մեծ ուրախություն է նման գոլ խփելը: Ափսոս է միայն, որ այդ գոլը բավական չէր, որպեսզի մեր բոլոր երկրպագուներին արդյունքում ուրախություն պարգևենք»,- նշել է ֆուտբոլիստը:
Նա նշել է, որ Իտալիայում կան մեծ ակումբներ, և երկրի առաջնությունը նույնպես հիանալի է: «Յուվենտուսը» հիանալի թիմ է, մենք կարողացել ենք դրանում անձամբ համոզվել է` խաղալով Չեմպիոնների լիգայում: Հնարավոր է, երբևէ կտեղափոխվեմ այնտեղ: Բայց հիմա իմ գլխում մտքեր են միայն այն մասին, թե ինչպես օգնել «Շախտյորին» Չեմպիոնների լիգայում: Ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկն ինձանով հետաքրքրված է, նա ստիպված կլինի սկզբից դիմել «Շախտյորին» խաղաշրջանի ավարտին»,- ասել է նա:
Նա խոստովանել է, որ իր նոր ակումբի ընտրության ժամանակ նախապատվություն կտա այն թիմին, որտեղ կկարողանա հանդես գալ հիմնական կազմում:






