AM
16 October 2012 - 08:36 AMT

Բակո Սահակյան. ԼՂՀ-ում բարձր են գնահատում գրականության դերը մեր իրականության մեջ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի բարեկամներ, Ուրախ եմ ողջունել պոեզիայի միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին և հյուրերին:

Մենք չափազանց կարևորում ենք փառատոնի անցկացումն Արցախում և մեծ սիրով ենք մեր հինավուրց հայկական հողում հյուրընկալում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հանրաճանաչ բանաստեղծներին:

Հայկական մշակույթը հանդիսանում է աշխարհի ամենահին ու հարուստ մշակույթներից մեկը, որտեղ միշտ իր ուրույն տեղն է զբաղեցրել բանաստեղծական արվեստը: Գրչի հայ տաղանդավոր վարպետները ստեղծել են այնպիսի մնայուն ու մեծարժեք գործեր, որոնք դարձել են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի գոհարները:

Այսօր էլ, իրականացնելով գրավոր խոսքի կերտման և մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման կարևոր առաքելությունը, գրողներն իրենց ստեղծագործություններով ոգեշնչում են հարազատ ժողովրդին, կրթում ու դաստիարակում սերունդներին` սերմանելով ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային արժեքները:

ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում գրողի և գրականության դերը մեր իրականության մեջ և պատրաստակամ են այսուհետ էլ հնարավորինս աջակցել նրա զարգացման գործին: Այս տեսանկյունից ենք հենց կարևորում նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում, ինչը լավ հնարավորություն է նաև նոր կապերի հաստատման, Արցախը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:

Թանկագին բարեկամներ, մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ»: