Ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում անցկացվել է խորհրդաժողով` նվիրված Թուրիայի հայ համայնքի ծանր դրությանը, տեղեկացնում է Եվրոպայի հայկական ֆեդերացիան: Ընդսմին, կազմակերպությունը զգուշացրել է Եվրախորհրդարանի անդամներին թուրքական կողմից զեկուցողների վրա ճնշում գործադրելու մասին, որպեսզի ելույթ ունեցողները հայտարարեն այն մասին, որ հայ համայնքի բոլոր խնդիրները կլուծվեն Եվրամիությանն անդամակցելուց հետո, ինչպես նաեւ, որպեսզի նրանք իրենց ելույթների ընթացքում չանդրադառնան «արգելված» թեմաներին: Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Լավրենտի Լեյլեկյանի խոսքերով` Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներ հանդիսացող զեկուցողների ելույթներն երկիմաստ եւ անկապ էին: «Բոլորովին պարզ է, որ այդ մարդիկ վախի պատճառով ծայրահեղ զգույշ են եղել տերմինների օգտագործման ժամանակ: Նրանց ելույթներում շոշափվել է ամեն ինչ, սակայն ոչ Հայոց ցեղասպանության թեման»,- նշել է նա: Մինչդեռ, ավելացրել է Լաուրենտ Լեյլեկյանը, խորհրդաժողովի նպատակը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի եղել, այլ Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելուն խոչընդոտելը: Հայոց ցեղասպանության հերքումն այսօր, ինչպես նաեւ 90 տարի առաջ ցեղասպանության իրականացումը, վկայում է Թուրքիայի կողմից եվրոպական արժեքների ոչ բավարար հասկանալու մասին: