AM
18 April 2005 - 03:52 AMT

ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԻՆ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՆ ԵՂԵԼ ՍՊՈՐՏԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱԽՄԱՏԻ ՏԱԽՏԱԿԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Անպարկեշտ դեպք է պատահել ուրբաթ օրը` հարձակման է ենթարկվել «Կոմիտե-2008» առաջնորդներից մեկը` գրոսմայստեր Գարրի Կասպարովը: Դա պատահել է ուսանողների հետ տասներեքերրորդ չեմպիոնի հանդիպման ժամանակ: Երիտասարդը, որը մոտեցել է Կասպարովին ինքնագիր ստանալու համար, հարվածել է նրա գլխին շախմատի տախտակով: Տուժածի շրջապատը այս միջադեպը կապում է «Մերոնք» շարժման հետ, որը դասում է աշխարհի նախկին չեմպիոնին «ֆաշիստների աջակիցների» շարքերին: «Մերոնք» հարձակման համար մեղադրում են նացիոնալ-բոլշեւիկներին, իսկ դատախազությունում չեն բացառում, որ սկանդալը հրահրել են հենց Գարրի Կասպարովի պիարով զբաղված մարդիկ: Երիտասարդին, որը մտնելիս անվանել է իրեն Բուրմիստրով, նախկինում նման հանդիպումներին չեն տեսել: Հանդիպման ավարտին Բուրմիստրովը հանել է պայուսակից շախմատի փայտե տախտակը եւ մոտեցել է Գարրի Կիմովիչին: «Գարրի Կիմովիչ դուք մեծ շախմատիստ եք, իմ կուռքն եք»,-ասել է պատանին եւ խնդրել Գարրի Կասպարովին ֆլոմաստերով իր ստորագրությունը դնել շախմատի տախտակին: Կասպարովը տվել է ինքնագիրը, ի պատասխան պարոն Բուրմիստրովը անսպասելի բղավել է.«Դուք դավաճանեցիք հիասքանչ սպորտին եւ գնացիք կեղտոտ քաղաքականություն»: Նա խփել է տախտակով աշխարհի տասներեքերրորդ չեմպիոնի գլխին: «Այդ Բուրմիստրովը էլի ինչ-որ բան էր բղավում, սակայն շախմատի ֆիգուրները, որոնք տախտակի մեջ էին, այնպես էին դղրդում, որ ոչ ոք ոչինչ չլսեց»,-պատմեց Գարրի Կասպարովի խորհրդական Մարինա Լիտվինովիչը: Ստեղծված իրարանցման մեջ պարոն Բուրմիստրովը փորձել է եւս մեկ հարված հասցնել, սակայն Կասպարովին շրջապատած ուսանողները խլել են երիտասարդից տախտակը եւ դուրս բերել անդորրը խախտողին դահլիճից: Գետնին սփռված շախմատի ֆիգուրները երիտասարդները վերցրել են որպես հուշանվերներ: «Լավ է, որ սա շախմատ է, եւ ոչ թե բեյսբոլ»,-աել է ինքը Գարրի Կասպարովը: Այնուամենայնիվ նա վերաբերվում է հարձակմանը «որպես նախազգուշացման»: «Կասկած չկա, որ դա պլանավորված ակցիա էր,-նշել է Կասպարովը:-Տղան ծրագրավորված էր, դա երեւում էր»: Կասպարովը նաեւ հաղորդել է, որ մտադիր է անել գլխուղեղի տոմոգրամմա: «Հեմատոմա չկա, սակայն գլուխս դեռ ցավում է,-պատմել է նա:-Հարվածից հետո ինձ կոմպրես են դրել»: Մոսկվայի կենտրոնական վարչական մարզի դատախազությունում, որի տարածքում է տեղի ունեցել միջադեպը, հաղորդել են, որ տուժածից դիմում չեն ստացել: «Իհարկե, դա նացիոնալ-բոլշեւիկները եւ «Մերոնք» չեն,-ասել է զրուցակիցը դատախազությունում, որը ցանկացել է անհայտ մնալ:-Ամենայն հավանականությամբ, դա արել է Կասպարովի շրջապատից որեւէ մեկը»: Որպես այդ տարբերակի անուղղակի հաստատում դատախազությունում անվանել են այն փաստը, որ Բուրմիստրովը կարողացել է մասնակից դառնալ փակ միջոցառմանը, մտնելով պահպանվող տարածք, իսկ պաշտպանությունը միջադեպից հետո չի ձերբակալել նրան եւ միլիցիա չի կանչել, հաղորդում է «Կոմերսանտը»: