Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն «սադրիչներ» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նա հայտարարել է այդ մասին, մեկնաբանելով օրերս միջնորդների տարածած հայտարարությունը: «Ինչպե՞ս կարելի է ադրբեջանական ժողովրդին նախապատրաստել փոխզիջումների: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անխախտելի է: Իսկ այդ սադրիչ համանախագահներն առաջարկում են, որպեսզի Ադրբեջանի ղեկավարը դուրս գա ժողովրդի մոտ եւ ասի, որ երկիրը պետք է զոհաբերի իր ինքնիշխանությունը: Դրան հնարավոր չէ նախապատրաստել բնակչությանը», – հայտարարել է Գուլուզադեն: «Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, ապա այս դեպքում Ադրբեջանը կարող է գնալ փոխզիջման եւ չիրականացնել էթնիկական զտում: Մենք համաձայն ենք այնտեղ թողնել հայկական բնակչությունը, ապահովել նրա իրավունքները եւ տրամադրել մշակութային ինքնավարություն», – ասել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդականը: