Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ եւ ի հիշատակ այդ հանցագործության զոհերի` Հունգարիայի հանրային ռադիոն այս շաբաթ ամեն օր կեսօրին կհեռարձակի հայկական եկեղեցիների զանգերի ձայնը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Բուդապեշտից բացի հայկական եկեղեցիների զանգերի ձայնը կհնչի Ռումինիայի քաղաքներում, Երուսաղեմում, ինչպես նաեւ` Բեյրութում եւ Երեւանում: Այս կապակցությամբ Թուրքիան մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում եւ այլ երկրներում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կարող են հակաթուրքական տրամադրություն առաջացնել ամբողջ աշխարհում եւ խանգարել Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը: Նշենք, որ Հունգարիայի բնակչության մեծ մասը եւ կառավարությունը կողմ են Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցությանը: