Երևանի «Միկա» ակումբի շախմատիստուհիները, որոնք մեկ շաբաթ առաջ հռչակվեցին Եվրոպայի ակումբային առաջնության արծաթե մեդալակիրներ, հոկտեմբերի 24-ին հանդիպեցին լրագրողների հետ:
Էլինա Դանիելյանն անկեղծացավ նշելով, որ իրենք Էլիաթ էին գնացել հենց արծաթե մեդալների հետևից:
«Մեր թիմը նախորդ առաջնությունների ժամանակ նվաճել էր ոսկե մեդալ և երեք անգամ էլ դարձել է բրոնզե մեդալակիր, ու մեզ պակասում էր միայն արծաթը: Շատ ուրախ եմ, որ բոլոր մեդալների հավաքածուն ունենք արդեն մեր ակտիվում»,- նշեց Դանիելյանը:
Նա ավելացրեց, որ մեկնարկային երկու խաղերում պարտվելուց հետո թիմի բոլոր աղջիկները հավաքվել են ու կարողացել մնացած բոլոր տուրերում հաղթել:
Լիլիթ Մկրտչյանն էլ ավելացրեց, որ պարտվելուց հետո իրենց պետք էր միայն հաղթել. «Հույս ունեինք, որ ՅՈՒԳՐԱ-ն միավորներ կկորցնի ու երկրորդ տեղում մենք կմնանք: Այդպես էլ եղավ, նրանք երկու անգամ պարտվեցին, մենք էլ հաղթանակներ տոնեցինք ու նվաճեցինք մեդալները»:
Թիմի պահեստային շախմատիստ Աննա Հայրապետյանն այդպես էլ ոչ մի պարտիա չի խաղացել, քանի որ թիմի մարզչական կազմը որոշել է թիմում փոփոխություն չկատարել. «Ամեն դեպքում աշխատում էի թիմում տիրող դրական մթնոլորտը պահել, օգնել աղջիկներին: Նրանք լավ հանդես եկան, ու ես շատ ուրախ եմ դրա համար»:
Ասուլիսին ներկա չէին միայն թիմի առանցաքային խաղացողներ Հարիկա Դրոնավալին և Լեյլա Ջավախիշվիլին, որոնք առաջնությունից հետո միանգամից մեկնել են իրենց երկրներ:






