Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը Խանտի- Մանսիյսկում կկայանա կանանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունը: Հայաստանն այս առաջնությանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
Վաղը` հոկտեմբերի 25-ին, շախմատիստուհիները կսկսեն ուսումնամարզական հավաքը:
«Մենք մեկնելու ենք Ծաղկաձոր և տասը օր պատրաստվելու ենք այս շատ կարևոր մրցաշարին: Առաջնությունն անցնելու է նոկաուտ սիստեմով, ու սա շատ բարդ է, դրա համար չեմ կարող ասել` ինչ-կլինի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանեց Դանիելյանը:
Մկրտչյանը հավելեց, որ շատ բարդ ու լարված են նման առաջնությունները, բայց իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի լավ մասնակցություն ունենան:
Իսկ ահա Վանիկ Զաքարյանը կլինի աշխարհի առաջնության վճռաբեկ հանձնաժողովի անդամ:
Առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստներ աշխարհի 33 պետություններից: Մրցանակային ֆոնդը կազմում է 450 հազար դոլար:






