AM
24 Հոկտեմբեր 2012 - 08:46 AMT

Հայաստանյան կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել շախմատային «Միկայի» հաջողությանը

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ և «Միկա» շախմատային ակումբի տնօրեն, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը բացատրեց, թե ինչու այս տարի «Միկան» Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում թիմ չէր ներկայացրել:

«Միկան» երեք տարի տղամարդկանց առաջնությունում մասնակցություն է ունեցել: Այս անգամ մեր ֆինանսական հնարավորությունները թույլ չէին տալիս, որ տղամարդկանց թիմ ուղարկենք Էլիաթ: Բացի այդ, համաշխարհային Օլիմպիադայից հետո տղաները շատ էներգիա էին ծախսել, և ուղարկել թիմ, որը հնարավոր է հաջող հանդես չգար, անիմաստ էր»,- պարզաբանեց Վարդապետյանը:

Իսկ ահա «Միկայի» կանանց թիմը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալներ: Սակայն, ինչպես նշեց Վարդապետյանը, հայաստանյան պետական կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել այս հաջողության վրա:

«Երևանի քաղաքային իշխանություններից, սպորտի նախարարությունից ոչ մի ուշադրության չի արժանացել այս թիմը: Կարևոր է ոչ միայն ֆինանսական աջակցությունը: Կարծում եմ, այս աղջիկները մեծ գործ են արել երկրի համար ու արժանի են խրախուսանքի»,- նշեց նա:

Ըստ «Միկայի» տնօրենի, արձագանքներ գրեթե չեն ստացել նաև շախմատի ֆեդերացիայից: