Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Ինչպես հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի ազգային հանձնախումբը, բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները:
Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին: