AM
26 Հոկտեմբեր 2012 - 08:31 AMT

Երևանում մեկնարկել է «Թենիսի տապան-2012» միջազգային մրցաշարը

Հոկտեմբերի 26-ին Երևանի «Օրանժ Թենիս» ակումբում տեղի ունեցավ «Թենիսի տապան-2012» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարին մասնակցում են հայ և ռուս քաղաքական գործիչներ, գործարարներ, տիեզերագնացներ, բժիշկներ, լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներ: Հայաստան են ժամանել մոտ 40 մասնակիցներ, որոնք սիրողական մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունեն:

Մրցաշարն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագահն իր ուղերձում ողջունել է բոլոր մասնակիցներին և նշել, որ «Թենիսի տապան» մրցաշարը բոլոր նրանց համար է, ովքեր անտարբեր չեն սպորտային վեհ պայքարի նկատմամբ: «Մրցաշարը տոն կդառնա ոչ միայն մասնակիցների, այլև հանդիսատեսի համար:

Բոլորիդ անկեղծորեն մաղթում եմ հրաշալի տրամադրություն, սպորտային ազարտ, հաջողություններ կորտում և հաճելի օրեր Հայաստանում»,- նշված է նախագահի ուղերձում:

Մրցաշարի գործկոմի անդամ և ԱՊՀ երկրների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինն էլ ընդգծեց, որ իրենք առաջին անգամ են կորտում մրցելու հայերի հետ և համոզված է, որ բոլորին սպասվում է հիանալի մրցաշար:

«Թենիսի տապանի» մասնակիցները պայքարը սկսել են խմբային փուլից, որը հաղթահարելու դեպքում կմրցեն Օլիմպիական մրցակարգով, մինչև որ որոշվեն 4 ուժեղագույնները: