AM
22 April 2005 - 05:31 AMT

ԱՄՆ ՇՈՒՐՋ 200 ՍԵՆԱՏՈՐՆԵՐ ԵՎ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ավելի քան 200 սենատորներ եւ կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակը, որը հորդորում է հստակորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ապրիլի 24-ի ավանդական ուղերձում, հաղորդումմ է Ամերիկայի հայկական համագումարը: Նամակը ստորագրել են 32 սենատորներ եւ 178 ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, նրանց թվում` ԱՄՆ նախկին նախագահի տիկին Հիլարի Քլինթոնը եւ վերջին ընտություններում նախագահ Բուշի հակառակորդ Ջոն Քերրին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Չափազանց կարեւոր է, որ մենք հարգենք զոհերի հիշատակը եւ երբեք չմոռանանք անցյալը»: «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերին, մենք կվերահաստատենք ապագայում նման դաժանությունները կանխելու մեր պարտավորությունը եւ կբացառենք պնդումը, թե պատմությունը դատապարտված է կրկնվելու»: Նշենք, որ անցած տարվա իր ուղերձում նախագահ Բուշը խուսափել էր օգտագործել «ցեղասպանություն» արտահայտությունը` 1915 թվականի իրադարձությունները անվանելով «մարդկության դեմ ոճրագործություն»: