«Թենիսի տապան-2012» մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Դունաևսկի – Оլեգ Խրամենկով զույգը: Եզրափակչում նրանք 6:2 հաշվով առավելության են հասել Լևոն Կազումյանի և Արամ Մարտիրոսյանի նկատմամբ: 3-րդ տեղն են զբաղեցրել Վլադիմիր Բարաշկովն ու Նիկոլայ Կալինիչենկոն:
Մրցաշարը տեղի էր ունենում Երևանի «Օրանժ Թենիս» ակումբում , և մասնակցում էին հայ և ռուս քաղաքական գործիչներ, գործարարներ, տիեզերագնացներ, բժիշկներ, լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներ: Հայաստան էին ժամանել մոտ 40 մասնակիցներ, որոնք սիրողական մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունեն:
«Մենք մասնակցեցինք հիանալի մրցաշարի, որտեղ տիրում էր շատ ջերմ և ընկերական մթնոլորտ: Ամեն ինչ հիանալի էր կազմակերպված: Այն ևս մեկ անգամ փաստեց հայ և ռուս ժողովուրդների հիանալի ընկերության մասին: Այսօր մենք չհաղթեցինք եզրափակչում, խմբային փուլում Կազումյանն ու Մարտիրոսյանը հաղթել էին մեզ, պարզապես հաշիվը հավասարվեց` դառնալով 1:1»,- նշեց կոմպոզիտոր Դունաևսկին:
Կազումյանն էլ շնորհակալություն հայտնեց մրցաշարի համար, որը հնարավորություն տվեց 2 հետաքրքիր օր անցկացնել և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումներ հաճախակի կլինեն:
Մրցաշարի գործկոմի անդամ և ԱՊՀ երկրների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինը «Օրանժ Թենիս» ակումբին նվիրեց մրցաշարի բոլոր մասնակիցների ստորոգրությամբ Կովկասի լուսանկարը, որն արվել է կոսմոսից: Մրցաշարն անցկացվում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:






