AM
28 October 2012 - 10:39 AMT

Փարիզում կայացավ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Երեկ` հոկտեմբերի 27-ին, Փարիզում տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:

Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում: