AM
30 Հոկտեմբեր 2012 - 09:55 AMT

Նոյեմբերի 2-ին կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը

Նոյեմբերի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը: Եզրափակչում կհանդիպեն ՀՀ պաշտպանության ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների թիմերը:

Մրցաշարի կիսաեզրափակչում, որը կայացել է Աբովյանի քաղաքի մարզադաշտում, հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ դատախազության թիմերը: ՀՀ պաշտպանության նախարարությունը 11-մետրանոց հարվածաշարում 9:8 հաշվով առավելության է հասել ՀՀ ոստիկանության նկատմամբ և վաստակել եզրափակչի ուղեգիր: Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2:1 հաշվով ուժեղ է եղել ՀՀ դատախազությունից, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարին, որը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին, մասնակցել են պետական կառավարման 14 գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր: Թիմերը բաժանված են եղել 2 ենթախմբերիª 7-ական թիմերով: Խաղերը կայացել են Երևանի «Փյունիկ» ակումբի, Աշտարակի և Աբովյան քաղաքների մարզադաշտերում Մրցաշարն անցկացվում է 2009 թվականից և այս տարի կկայանա արդեն 4-րդ անգամ: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը կպարգևատրվեն համապատասխանաբար 600.000, 400.000 և 200.000 դրամ պարգևավճարներով, գավաթներով, մեդալներով ու մարզահագուստներով: