Բուլղարիայի երեք խոշորագույն քաղաքների` Սոֆիայի, Պլովդիվի եւ Վառնայի քաղաքային խորհուրդները ընդունել են Ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր եւ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել Եղեռնի զոհերի հիշատակը: Այդ մասին հաղորդում է Մեծ Եղեռնի 90-ամյակին միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Այդ օրերին Սոֆիայի կենտրոնում զետեղվել էին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաստառներ, իսկ Սոֆիայի հայկական եկեղեցում մատուցվել էր պատարագ: Նման միջոցառումներ են անցկացվել նաեւ Պլովդիվում եւ Վառնայում: Պլովդիվում տեղադրվեց խաչքար: Վառնայի հայկական եկեղեցու բակում տեղադրվեց Եղեռնի զոհերին նվիրված նոր հուշարձան: Ապրիլի 29-ին մայրաքաղաքի «Սոֆիա» համերգասրահում նախատեսվում է համերգ` նվիրված Մեծ Եղեռնի 90-ամյակին: Միջոցառումը հովանավորվելու է Բուլղարիայի փոխնագահ գեներալ Անգել Մարինի կողմից: