AM
28 April 2005 - 05:28 AMT

ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 24-ին Դոնի Ռոստովում հիշել են Հայոց ցեղասպանության զոհերին: Ցերեկվա ժամը 12-ին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրվել Սբ. Կարապետ եկեղեցու մոտ գտնվող հուշ Խաչքարին, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Սբ.Կարապետ եկեղեցին չէր կարողացել տեղավորեր բոլոր հավաքվածներին: Դժբախտաբար, այն հաշվարկված չի ծխականների զանգվածային հոսքի համար: Մարդիկ, իրոք, շատ էին հավաքվել եւ անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողության հիմնական մասը ստիպված մատուցվել է փողոցում` Խաչքարի մոտ: Արարողությանը մասնակցել է նաեւ Հարավ-Դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշի երեկո է անցկացվել նաեւ «Սուրբ-Խաչ» տաճարում, որտեղ սգո իրավիճակում հնչել են աղոթքներ, բանաստեղծություններ եւ ցեղասպանության ականատեսների ժառանգների վկայությունները: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումներն անցկացվել են ավելի վաղ: Այսպես` ապրիլի 18-ին կայացել է «Ո’չ ցեղասպանությանը, ո’չ պատերազմին, ո’չ ահաբեկչությանը» անվանումով «Կլոր սեղանի» նիստը: Իսկ ապրիլի 23-ին «Սուրբ-Խաչ» վանք-թանգարանում անցկացվել է «Հայոց ցեղասպանություն. արյունոտ էջ մարդկության պատմությունում» թեմայով սեմինար: Չի կարելի անուշադրության մատնել այն փաստը, որ ապրիլի 16-ին Ռուսաստանի հարավի գիտության եւ կրթության «Ակադեմիա» շաբաթաթերթում լույս է տեսել ծավալուն հոդված «Ցեղասպանությունը մոռացության մատնել չի կարելի» վերնագրով, որտեղ իրավագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Յու.Պրուսակովը եւ Լ.Ակոպովը վստահորեն ապացուցում են ըստ միջազգային իրավունքի Հայոց ցեղասպանության մոռացության մատնելու անթույլատրելիությունը որպես մարդկության դեմ հանցագործության, ինչպես նաեւ նրա դատապարտման անհրաժեշտությունը ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կողմից, այդ թվում նաեւ Թուրքիայի: Վերջինս չպետք է ընդգրկվի Եվրամիություն առանց Թուրքիայում տեղի ունեցածի ճանաչման եւ դատապարտման` ինչպես դա արել է ԳՖՀ-ն Հոլոկոստի զոհերի նկատմամբ: