Այս հանգստյան օրերին «Orange fitness and tennis club» ակումբում կայացավ թենիսի մրցաշար, որին մասնակցում էին տարբեր ԶԼՄ ներկայացուցիչներ: Այն նախաձեռնել և կազմակերպել էր Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Մասնակիցները նախ մեկ ամիս պատրաստվել էին մրցաշարին մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ:
Կանանց մրցաշարում, որին մասնակցում էին 11 խաղացողներ, բավական թեժ և հետաքրքիր պայքարում հաղթողի կոչումը նվաճեց Սփյուռքի նախարարությունը ներկայացնող Արաքսյա Մադոյանը: Նա շատ վստահ հանդես եկավ ողջ մրցաշարի ընթացքում և բոլոր հանդիպումներում տոնեց հաղթանակներ: «Եզրափակիչն անցավ շատ լարված պայքարում, Արփին ուժեղ մրցակից էր: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր նպաստել են այս մրցաշարի կայացմանը: Մանկուց միշտ երազել եմ զբաղվել թենիսով, շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռնվեց»,- նշեց Մադոյանը:
2-րդ տեղում ելույթն ավարտեց emedian.am-ը ներկայացնող Արփի Բեգլարյանը, որը ևս աչքի էր ընկել գեղեցիկ խաղով. «Արաքսի պես մրցակցի հետ չէի խաղացել, նա շատ լավ հարվածների է տիրապետում: Մրցաշարից ուղղակի հոյակապ տպավորություններ ունեմ: Շատ լավ կլինի, որ հաճախակի նման մրցաշարեր անցկացվեն, որոնք կնպաստեն և սպորտի զարգացմանը և մեզ`լրագրողներիս, կօգնեն համակարգչից բացի այլ բաներ էլ նկատել»:
Տղամարդկանց պայքարում հաղթողը որոշվեց երկու հանդիպումներում: 2:0 հաշվով առավելության հասավ slaq.am-ը ներկայացնող Սիրակ Օհանյանը: Նա հաղթեց Արամ Մանուկյանին (Հանրային ռադիո): «Շատ շնորհակալ եմ «Orange Fitness» ակումբին մեզ նման տոն պարգևելու համար: 8 պարապմունքից հետո մենք հասկացանք, թե որքան հետաքրքիր սպորտաձև է թենիսը: Չնայած մեր լարված և ծանրաբեռնված աշխատանքին, հասցրինք վայելել այս ամենը: Հուսով եմ, որ մրցաշարը շարունակական բնույթ կկրի»,- ասաց Օհանյանը:
Հաղթողներն արժանացան գավաթների, իսկ Արաքսյա Մադոյանը ստացավ նաև թենիսի ռակետ: Մրցաշարի բոլոր մասնակիցներին տրվեցին պատվոգրեր և մեկժամյա անվճար մարզումներ անցկացնելու հնարավորություն:






