Եռօրյա այցով Վրաստան ժամանած ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար, դեսպան Ռոլֆ Իկեուսը Թբիլիսիում կանցկացնի մի շարք հանդիպումներ վրաց ղեկավարության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Մասնավորապես, նա նախատեսում է հանդիպում ունենալ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի եւ վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի հետ: Թբիլիսիում հանդիպումների ժամանակ Ռ.Իկեուսը կքննարկի հարցեր` կապված Վրաստանում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող համալիր ծրագրի հետ: Իկեուսը կհանդիպի Գեորգի Խաինդրավայի հետ: Նրանք կքննարկեն հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում եւ Աբխազիայում զարգացման ծրագրերը: Մասնավորապես քննարկվում են Աբխազիայի վրացաբնակ Գալի շրջանում մարդու իրավունքների պաշտպանմանը եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով սուխումյան գրասենյակի Գալում բաժանմունքի բացման հնարավորությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Գալի շրջանում ուսուցիչների եւ դպրոցականների իրավունքների ապահովման եւ վրացերեն լեզվով ուսում ստանալու եւ ուսուցանելու հետ կապված հարցեր: Կքննարկվի նաեւ Աբխազիայի Գալի, Օչամչիրի եւ Տկվարչելի շրջաններում վրացի եւ աբխազ ուսուցիչներին մեթոդական օգնության ծրագիրը: Ջավախքի վերաբերյալ քննարկվում են տարածաշրջանի տնտեսական վերականգնման եւ խորհրդային տարիներին այդտեղից տեղահանված մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցերը: