AM
6 Նոյեմբեր 2012 - 13:34 AMT

Ես միշտ վստահ եմ, իսկ վստահությունը բերում է հանգստություն

(?)Գաբրիել Սարգսյան:

(!)Ընկեր, եղբայր, ուժեղ թիմակից: Մենք մի ամբողջ կյանք ենք իրար հետ անցկացրել ու իրար շատ ենք օգնել: Ծանոթացել ենք 9 տարեկանում, երբ խաղացինք իրար հետ, ու ես պարտվեցի: Իսկ ավելի մտերմացանք 14 տարեկանում, երբ պատանիների հավաքականում էինք խաղում:

(?)Արշակ Պետրոսյան:

(!)Մեր թիմի ուրախությունն է, շատ ուրախ ու հաճելի է նման մարզչի հետ: Կարծում եմ` Հայաստանի ամենահայտնի մարզիչն է: Հետաքրքիր է Պետրոսյանի հետ աշխատելը:

(?)Կարեն Ասրյան:

(!)Շատ տխուր պատմություն, բայց շատ լուսավոր զգացում սրտիս մեջ:

(?)Ընտանիք:

(!)Մի բառով ասեմ` հանգստություն: Իմ ընտանիքն իմ հաջողություններում շատ մեծ ներդրում ունի: Մայրս շատ է չարչարվել, որ ես շախմատիստ դառնամ:

(?)Հայաստան:

(!)Հարազատ երկիր, մյուսներից առանձնանում է նրանով, որ այստեղ են ընկերներս, բոլոր բարեկամներս: Ես Հայաստանում ինձ հանգիստ եմ զգում:

(?)Մատ:

(!)Մատ որ ե՞ս եմ անում, թե՞ որ ինձ են անում (ծիծաղում է): Դժվարանում եմ պատասխանել:

(?)Աշխարհի չեմպիոն:

(!)Հարգանք և ձգտում:

(?)Տիգրան Պետրոսյան:

(!)Մեծ շախմատիստ, առանց որի Հայաստանը շախմատային մեծ հաջողությունների չէր հասնի:

(?)Շախմատ:

(!)Սիրած գործ, խաղ: Այն մարդու մեջ շատ բան է փոխում:

(?)Թագավոր:

(!)Շախմատում թագավորն ավելի թույլ է, քան իրականում: Դժվար է ասել:

(?)Մրցակից:

(!)Մարդ, ում հետ կարողանում ես հարազատանալ:

(?)Շախմատային Օլիմպիադա:

(!)Միշտ մեծ ուրախություն, տոն:

(?)Մագնուս Կարլսեն:

(!)Ուժեղ շախմատիստ:

(?)Պարտություն:

(!)Կարևոր բան, որն ինձ կապում է ամենօրյա կյանքին: Եթե չլինի պարտություն` չես կարողանա ուշքի գալ, շատ բաներ չես կարողանա հասկանալ:

(?)Հաղթանակ:

(!)Միշտ ձգտում ես դրան: Լավ հաղթանակից հետո չես կարողանում քնել, իսկ պարտությունից հետո մի տեսակ հանգստանում ես:

(?)Տիտղոսներ:

(!)Դրանք լավ աշխատանքի վկաներն են: Ես երբեք չեմ մտածում նրանց մասին, տիտղոսներն ուղղակի աշխատանքի վերջն են:

(?)ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի երկրորդ համար:

(!)Չգիտեմ դա ինչ է: Ես ուշադրություն չեմ դարձնում վարկանշային տեղերին:

(?)Լևոն Արոնյան:

(!)Շատերն են ասում, որ հասարակ եմ: Բայց ես այդքան էլ համամիտ չեմ: Ես ինձ վրա շատ վստահ եմ` թե խաղատախտակի առջև և թե կյանքում: Վստահությունն էլ բերում է հանգստություն:

(?) Երկրպագուներ:

(!)Ես իմ աշխատանքն եմ անում և ուրախ եմ, որ ուրիշներին կարողանում եմ ուրախացնել: