Թուրքիայի իշխանությունները կարգադրել են Հայաստանից Սիրիա թռչող ինքնաթիռին վայրէջք կատարել: Ինքնաթիռը զննության է ենթարկվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Հեռուստաալիքը նշում է, որ, ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը հումանիտար բեռ էր տեղափոխում:
Նշվում է, որ բեռների զննությունը պլանային է ու համաձայնեցված: Եթե ոչ մի արգելված բան չհայտնաբերվի, ինքանթիռը կկարողանա անխափան շարունակել թռիչքը, հայտարարել են տեղի իշխանությունները:
Վերջին ամսում սա արդեն երկրորդ հայկական ինքնաթիռն է, որի թռիչքը կասեցնում է Թուրքիան: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, թե զննության են ենթարկվելու բոլոր տրանսպորտային ինքնաթիռները, որոնք մեկնում են Սիրիա:
Հոկտեմբերի 15-ին Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխող հայկական ինքնաթիռը նույնպես վայրէջք կատարեց Թուրքիայում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց AIR Armenia ընկերության տնօրենը, որին պատկանում է օդանավը, Արսեն Ավետիսյանը, Սիրիա բեռներ տեղափոխելու համար պետք է Թուրքիայի օդային տարածքը հատելու թույլտվություն ստանալ: «Մենք ստացանք թույլտվություն մեկ պայմանով՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի թուրքական տարածքում զննության համար»,-պարզաբանել է նա:
Զննությունից հետո ինքնաթիռը մեկնել է Հալեպ: