Ինդիան Ուելսում BNP Paribas Open մրցաշարի գործադիր տնօրեն Ռեյմոնդ Մուրը հայտարարել է, որ մրցումների կազմակերպիչները պլանավորել են ավելացնել մրցաշարի մրցանակային ֆոնդը, սակայն թույլտվություն չեն ստացել ATP ղեկավարության կողմից:
Մուրի խոսքով, մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը պետք է ավելանա 1,6 մլն դոլարով` 800-հազարական դոլար տղամարդկանց և կանանց մրցումներում:
WTA ղեկավարությունը դրական է արձագանքել մրցաշարի կազմակերպիչների նախաձեռնությանը, իսկ ATP ներկայացուցիչները` ոչ:
«Դա մեզ համար անակնկալ էր: Մենք բացատրություններ ենք սպասում ղեկավարությունից: Մենք շոկի մեջ ենք և ցանկանում ենք լսել Բրեդ Դրյուետի մեկնաբանությունները»,- Ռեյմոնդ Մուրին մեջբերում է USA Today թերթը:
«Այդ փողերի մեծ մասը պետք է ստանային առաջին երեք շրջանների մասնակիցները: Մենք պլանավորել ենք ավելացնել մրցանակային ֆոնդը քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ դուրս եկած խաղացողների համար: Միևնույն ժամանակ, եզրափակիչ անցած թենիսիստի և մրցաշարի հաղթողի հոնորարները կմնային նույնը»,- ասել է մրցումների գործադիր տնօրենը:






