Զննության նպատակով Էրզրումում պարտադրված վայրէջք կատարած ինքնաթիռն արդեն ուղևորվել է Հալեպ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, ինքնաթիռը, ինչպես և հայտարարված էր, մարդասիրական բեռ է տեղափոխում Սիրիայի հայ բնակչության համար: Հակաօրինական բեռներ չեն հայտնաբերվել:
Ինքնաթիռը 13 տոննա հումանիտար բեռ է տեղափոխում, բաղկացած 12-15-կիլոգրամանոց սնդդամթերքով արկղերից:
Վերջին ամսում սա արդեն երկրորդ հայկական ինքնաթիռն է, որի թռիչքը կասեցնում է Թուրքիան: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, թե զննության են ենթարկվելու բոլոր տրանսպորտային ինքնաթիռները, որոնք մեկնում են Սիրիա:
Հոկտեմբերի 15-ին Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխող հայկական ինքնաթիռը նույնպես վայրէջք կատարեց Թուրքիայում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց AIR Armenia ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը, Սիրիա բեռներ տեղափոխելու համար պետք է Թուրքիայի օդային տարածքը հատելու թույլտվություն ստանալ: «Մենք ստացանք թույլտվություն մեկ պայմանով՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի թուրքական տարածքում զննության համար»,-պարզաբանել է նա:
Զննությունից հետո ինքնաթիռը մեկնել է Հալեպ: