AM
4 May 2005 - 05:11 AMT

ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ ԿԱԼԱՆՔ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Շվեյցարիան որոշում էր կայացրել Թուրքիայի պատմաբանների ասոցիացիայի ղեկավար Յուսուֆ Ղալաչօղլուի հեռակա ձերբակալման մասին այն բանի համար, որ նա հրապարակայնորեն ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Դատավարությունը նրա դեմ սկսվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա գարնանը գիտական խորհրդաժողովի շրջանակներում Ղալաչօղլուն կասկածելի էր համարել Ցեղասպանության փաստը: Ղալաչօղլուի հանդեպ դատավարություն սկսելու համար, Ինտերպոլը Անկարայում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով պահանջել էր մի շարք փաստաթղթեր: Նախօրեին Յուսուֆ Ղալաչօղլուն մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է, թե «Շվեյցարիայի դատական մարմինների գործողությունները եւ Բելգիայի խորհրդարանի որոշումը նշանակում են, որ Եվրոպայում դատում են ոչ թե մարդկանց, այլ թուրքական պետությունը»: Մինչդեռ, շվեյցարացի պատմաբան Անդրե Էգնեն հայտարարել է, որ եթե Ղալաչօղլուն իր ցուցմունքներում չկարողանա ապացուցել իր արած հայտարարությունների ճշմարտությունը, ապա նրան կալանք է սպառնում: Նշենք, որ ըստ Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածի 2 մասի, ցեղասպանության փաստը նսեմացնող եւ այդ հանցագործության զոհերի հիշատակի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորած անձը կարող է դատապարտվել մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկման եւ պետք է մեծ տուգանք վճարի, այս դեպքում , խոսքը գնում է 5 հազար շվեյցարական ֆրանկի մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: