AM
12 Նոյեմբեր 2012 - 08:27 AMT

Հայաստանի հանդբոլի պատանիների առաջնությունում հաղթել է Վանաձորի թիմը

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտեց մինչև 15 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:

Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի գործող չեմպիոն Ալավերդու թիմը հանդիպեց հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմին: Ալավերդցիները զիջեցին առաջին խաղակեսում` 15:18 հաշվով: Խաղավարտից 1 րոպե առաջ ՀՄԴ-ի հավաքականն առջևում էր մեկ գնդակի առավելությամբ, սակայն վերջին վայրկյաններին հաշիվը հավասարվեց` 35:35: Իսկ դա նշանակում էր, որ Ալավերդու թիմը դարձավ բրոնզե մեդալակիր:

Ալավերդիու թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Հակոբյանը հայտնել է, որ գոհ է իր սաների խաղից և ցույց տված արդյունքից: Նա ավելացրել է, որ թիմը հանդես է եկել առանց առաջատար երեք խաղացողների, քանի որ նրանք ունեցել են վնասվածքներ:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Վանաձորի թիմը, որը եզրափակչում 22:22 հաշվով ոչ ոքի խաղաց Աջափնյակի հետ: Պայքարն անցավ չափազանց լարված ու դիտարժան պայքարում, սակայն խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ, ոսկե մեդալները նվաճեցին Վանաձորի հանդբոլիստները:

Պարգևներ ստացան նաև լավագույն խաղացող և դարպասապահ ճանաչված Ալավերդու թիմի ներկայացուցիչ Հրաչյա Մարգարյանը և Վանաձորի թիմից` Նարեկ Մելիքյանը, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: