AM
6 May 2005 - 05:23 AMT

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՑԵԼ ԻՐ ԱՐԽԻՎՆԵՐԸ

«Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն: Գերմանիան պատրաստ է այս հարցում անել հնարավոր ամենը եւ բացել իր արխիվները պատմաբանների համար», – Անկարայում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Շրյոդերը ողջունել է Հայոց ցեղասպանության մեղադրանքներն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը: «Հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը կգիտակցի առաջարկի նրբությունը», – նշել է Գերմանիայի կանցլերը: Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության խնդրին` Գերհարդ Շրյոդերը նշել է, թե մայիսի 29-ին Եվրոպական Սահմանադրության շուրջ Ֆրանսիայում կայանալիք հանրաքվեն որեւէ կերպ չի ազդի այդ գործընթացի վրա: «Ընդհանրապես ոչ մի հանրաքվե Եվրոպայի որեւէ երկրում չի ազդի Թուրքիայի անդամակցության վրա», – ասել է նա: Իր հերթին, Էրդողանը իր «լուրջ մտահոգությունն» է հայտնել «Թուրքիային իր անցյալը գնահատելու անհրաժեշտության մասին»` Գերմանիայի Բունդեստագի կոչի կապակցությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: