AM
13 Նոյեմբեր 2012 - 09:30 AMT

Վարդան Մինասյան: Հավաքականում կա եզրային պաշտպանների և հենակետային կիսապաշտպանի խնդիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կարճ ժամանակ է ուսումնամարզական հավաք անցկացրել մինչև Լիտվայի հետ կայանալիք խաղը: Սակայն գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ տղաները կանեն ամեն ինչ հաղթանակի հասնելու համար:

Ըստ Մինասյանի, հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից Հայաստան չեն ժամանել Յուրա Մովսիսյանը և Արտյոմ Խաչատուրովը: « Յուրան այսօր պետք է բուժզննում անցնի, և հույս ունեմ, որ շուտ կկարողանա ապաքինվել, իսկ Խաչատուրովը փաստաթղթերի հետ կապված խնդիր ունի: Կարծում եմ, որ փետրվարին կայանալիք ընկերական խաղի ժամանակ նա արդեն մեզ հետ կլինի»,- նշեց Մինասյանը:

Մարզիչն ասաց նաև, որ Լիտվայի հետ ընկերական խաղին չի մասնակցի նաև Հրայր Մկոյանը, իսկ Արթուր Սարկիսովի և Ռոբերտ Արզումանյանի մասնակցությունը հարցականի տակ է:

«Այս խաղով մենք նախապատրաստվում ենք Չեխիայի հետ կայանալիք հանդիպմանը: Մենք ունենք եզրային պաշտպանների և հենակետային կիսապաշտպանի խնդիր, և այս խաղում մեր հիմնական խնդիրը պետք է լինի այս դիրքերում խաղացողներ ընտրելը: Հուսամ, որ միչև Չեխիայի հետ հանդիպումը հավաքականում նոր համալրումներ կլինեն»,- ընդգծեց նա:

Վերջում Մինասյանը հավելեց, որ իրենք ուսումնասիրել են Լիտվայի խաղաոճը, սակայն իրենց հիմնական խնդիրը լինելու է սեփական խաղը կառուցելը:

Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կայանալու է նոյեմբերի 14-ին Երևանում: