AM
13 Նոյեմբեր 2012 - 11:42 AMT

Չաբա Լասլո. Հայաստանի հավաքականը վերջին 1,5 տարում մեծ առաջընթաց է ապրել

«Հայաստանի հավաքականը վերջին 1,5 տարվա ընթացքում մեծ առաջընթաց է ապրել: Թիմում հանդես են գալիս երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց մեծամասնությունը խաղում է Ռուսաստանի և Ուկրաինայի պես ուժեղ առաջնություններում: Հայաստանը սպորտային երկիր է և լոնդոնյան Օլիմպիադայում կարողացել է մեդալներ նվաճել»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լիտվայի հավաքականի գլխավոր մարզիչ Չաբա Լասլոն:

Նա խոստովանեց, որ երևանյան խաղում հնարավորություն կտա ելույթ ունենալ ավելի երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս մինչև 21 տարեկանների հավաքականում: Լիտվան նոր թիմ է ստեղծում, որտեղ խաղում են երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստները միասին:

«Ընկերական խաղը հնարավորություն է տալիս նոր ֆուտբոլիստներ փորձարկել և, քանի որ մեր առաջատա 4-5 ֆուտբոլիստներ իրենց ակումբների մարզիչների խնդրանքով չեն հրավիրվել հավաքական, ապա որոշ խաղացողներ, որոնք մնացել են ստվերում, հնարավորություն կունենան ապացուցել, որ արժաննի են հանդես գալու ազգային հավաքականում»,- ընդգծեց Լասլոն:

Նա հույս ունի, որ նոյեմբերի 14-ին իր ֆուտբոլիստներին կհաջողվի ցույց տալ որակյալ խաղ: Մարզիչը նշեց, որ իրենք դիտել են աշխարհի ընտրական խմբի Հայաստանի երեք հանդիպումն էլ` Մալթայի, Բուլղարիայի և Իտալիայի հետ:

Լիտվայի հավաքականի կիսապաշտպան Էդգարաս Չեսնաուսկիսը, որը հանդես է գալիս «Ռոստովում», Հայաստանի հետ հանդիպումը կարևորում է նրանով, որ իրենք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում շատ են նահանջել և պետք է կարողանան հասնել դրական արդյունքի:

Հայաստան- Լիտվա ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին ժամը 19:00 Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: