AM
13 Նոյեմբեր 2012 - 12:17 AMT

Դավիթ Ավետիսյան. Հույս ունեմ, որ մի օր կհագնեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը

15-ամյա Դավիթ Ավետիսյանը, որը ծնվել է գերմանական Ֆրանկֆուրտում, այժմ «TUS Koblenz» կազմում հանդես է գալիս Գերմանիայի մինչև 17 տարեկանների երիտասարդական առաջնությունում (Regionalliga):

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում կիսապաշտպանը նշեց, որ մինչև «TUS Koblenz» թիմում ելույթ ունենալը, հանդես է եկել մի շարք այլ գերմանական ակումբներում:

«2006 թվականին աշխարհի առաջնությունից հետո շատ սիրեցի այս մարզաձևը և այդ թվականից էլ սկսեցի ֆուտբոլ խաղալ: Այդ ժամանակ զգացի, որ անպայման պետք է զբաղվեմ այս մարզաձևով ու սկսեցի պարապմունքներս «DJK Zeilsheim» ակումբում»,- նշեց Ավետիսյանը:

Ըստ ֆուտբոլիստի, նրա մոտ սկզբում լավ չի ստացվել ֆուտբոլ խաղալը, սակայն մեծ սերն ու նվիրվածությունը ստիպել են, որ կարճ ժամանակահատվածում դառնա թիմի առաջատարներից մեկը:

«Ես Գերմանիայի տարբեր ակումբներում եմ խաղացել: Հիմա հանդես եմ գալիս «TUS Koblenz» թիմի մինչև 16 և 17 տարեկանների կազմում, ու դրա համար շատ շնորհակալ եմ իմ ծնողներից, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի ես մարզվեմ ֆուտբոլով»,- ավելացրեց ֆուտբոլիստը:

«TUS Koblenz»-ը մինչև 17-տարեկանների պայքարում այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, թիմը մասակցում է տարբեր մրցաշարերի, հանդիպումներ է անցկացրել նաև Բունդեսլիգայում հանդես եկող թիմերի հետ:

«Ես ինձ ակումբում շատ լավ եմ զգում, քանի որ կարողանում եմ գոլեր խփել ու նաև կատարել գոլային փոխանցումներ: Մեր մարզիչները կարծում են, որ ես լավ եմ խաղում, այդ պատճառով էլ մարզվում եմ ինձնից բարձր տարիքային ֆուտբոլիստների հետ»,- ընդգծեց Ավետիսյանը:

Երիտասարդ մարզիկն անկեղծացավ` ասելով, որ իր նպատակն ու մեծ ցանկությունն է հաղթել առաջնությունում և հանդես գալ Հայաստանի պատանեկան հավաքականում. «Ես հետևում եմ Հայաստանի հավաքականների ելույթներին ու շատ եմ ցանկանում, որ մի օր էլ ես հագնեմ իմ երկրի մարզաշապիկը: Հույս ունեմ, որ մի օր կգրավեմ մեր մարզիչների ուշադրությունը ու հրավեր կստանամ հավաքականից»: