AM
10 May 2005 - 05:28 AMT

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՍՏՐԱՍԲՈԻՐԳՈՒՄ

Մայիսի 9-ին Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած Մեծ հաղթանակի 60-ամյակին նվիրված միջոցառումներին` հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պսակ դնելու նպատակով այց է կազմակերպվել Շտրուտհոֆի համակենտրոնացման ճամբար (պատերազմի տարիներին եղել է Ֆրանսիայի տարածքում գործող միակ համակենտրոնացման ճամբարը, որտեղ նացիստների կողմից ոչնչացվել են ավելի քան 25.000 մարդ): Կեսօրին Ստրասբուրգի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված ծառատունկի արարողություն: Արարողությանը ելույթ են ունեցել ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը եւ Ստրասբուրգի քաղաքապետ Ֆաբիեն Քելերը: Ծառատունկին մասնակցել են նաեւ ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ, մշտական ներկայացուցիչներ եւ հյուպատոսներ: Կազմակերպվել է համատեղ ընդունելություն ԵԽ-ում Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունների եւ Բելառուսի ներկայացուցչի անունից: Ընդունելությանը մասնակցել են Եխ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ: