«Գինեսի» գրքի եռակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դեռ 2005 թվականից է փորձել սահմանել ռեկորդներ:
«Այդ ժամանակ ես 307 պտույտ կատարեցի, սակայն այն չգրանցվեց ռեկորդների գրքում: 2009 թվականին կրկնեցի ռեկորդը` երկու ձեռքով պտտաձողի վրա կատարելով 350 պտույտ: Այնուհետև մեկ տարի անց մեկ ձեռքով կարողացա անել 76 պտույտ:
Իսկ 2011 թվականին ինձ հաջողվեց 2 ձեռքով կատարել 670 պտույտ: Հայկական «Դյուցազնագրքում» գրանցվել եմ 1144 պտույտով, սակայն «Գինեսի» ռեկորդ այն չի համարվում, քանի որ չի համապատասխանում նրա պահանջներին»,- խոստովանեց Ֆահրադյանը:
Ըստ մարզիկի, շատ դժվար էր այդ ռեկորդներին պատրաստվել, քանի որ նա ստիպված էր լինում կատարել բարդ մարզումներ, բայց ոչինչ չի կանգնեցրել նրան, քանի որ շատ էր ցանկանում պարզել իր հնարավորությունների սահմանը. «Բարդությունը նաև այն էր, որ ոչ մի մարմնամարզիկ 3 անգամ չէր գրանցվել ռեկորդների գրքում, և «Գինեսի» հանձնաժողովի անդամները չէին ցանկանում, որ նա հայ լինի, այդ պատճառով էլ մի քիչ ձգձգվեց այդ գործընթացը: Հիմա համագործակցում եմ Գերմանիայի և Հոլանդիայի ռեկորդների գրքերի ներկայացուցիչների հետ, և հնարավոր է այնտեղ կայանալիք սպորտային միջոցառումների ժամանակ հանդես գամ»:
«Դյուցազնագրքի» նախագահ Վարդան Թովմասյանն էլ նշեց, որ «Գինեսի» ռեկորդների գրքում գրանցված են 10 հայ մարզիկներ:






