Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ 2013-ի հունվարին, երբ Հայաստանում տեղի կունենա ՖԻԴԵ-ի Նախագահական խորհուրդը, նա Սերժ Սարգսյանի հետ կմասնակցի Երևանի կենտրոնական փողոցում շախմատի ակադեմիայի շինարարության հիմնարկեքին:
«Ինչպես հայտնի է, անցած տարի Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել շախմատը որպես պարտադիր առարկա դպրոցական ծրագրի մեջ ներառելու մասին: Հայաստանում ակադեմիայի բազայի վրա հայտնի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ պատրաստվում է շնորհանդես Նախագահական խորհրդի համար շախմատային պարտադիր ուսուցում ներմուծելու փորձի մասին»,- Իլյումժինովի խոսքերը հաղորդում է chess2012.ugrasport.com-ը:
Իլյումժինովը նշել է, որ ցանկանում է, որ մի երկիրը «բախվի» մյուսի հետ, բայց միայն շախմատի տախտակի վրա. «Օրինակ, Ուկրաինան` Ռուսաստանի դեմ, Հայաստանը` Ադրբեջանի, Ռուսաստանը` ԱՄՆ-ի: Կարելի է ասել, որ կորոշվի ազգի միջին IQ-ն, և դա խթան կդառնա երկրների նախագահների համար, որպեսզի դպրոցական ծրագրում շախմատ ներառեն»:
ՖԻԴԵ-ի ղեկավարը խոստովանել է, որ երբ սկսում է քննարկել այդ նախագիծը պետությունների ղեկավարների հետ, բոլոր սկսում են վախենալ:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկեցի խաղ կազմակերպել երկու երկրների միջև: Մի նախագահն ասաց. «Իսկ եթե մենք պարտվենք, ապա կստացվի, որ մենք ավելի հիմա՞ր ենք»,- հավելել է նա:






