Իրանի և Հայաստանի սահմանին հիդրոէլեկտրակայանի կառուցումը ոչ մի առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամլո քարտուղար Սեյիդ Մուհամմեդ Այթուլլահին ադրբեջանական ԶԼՄ-ներում ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հիստերիկ հրապարակումների հերթական շարքի կապակցությամբ:
Այթուլլահին նշել է, որ երկու մասից բաղկացած ՀԷԿ-ը կառուցվում է հայ-իրանական սահմանին, Արաքս գետի վրա, Նախիջևանի հետ սահմանային Հայաստանի տարածքում՝ չհասնելով Արցախ:
Նա նշել է նաև, որ Արաքս գետի ջրերը տուրբիններում մշակումից հետո կրկին կլցվեն գետը և դա չի անդրադառնա գետի աղտոտման կամ մակարդակի նվազեցման վրա: Երկու ՀԷԿ-երի կառուցման նախագիծը Հայաստանի ու Իրանի տարածքում նախապատրաստել է Իրանի էներգետիկայի նախարարությունը:
«Նախագծի շրջանակներում Իրան-Հայաստան-Նախիջևան սահմանի ընդհանուր կետում 130 ՄՎտ հզորության ՀԷԿ-ը շահագործելու համար նախատեսվում է ջրի բացթողում 18-կմ երկարությամբ ջրանցքով: «Ղարաչիլար» նախագծի իրականացման համար Իրանի ու Հայաստանի սահմանին նախատեսվում է նաև ջրի բացթողում 17 կմ երկարությամբ ջրանցքով»,-նշել է Այթուլլահին:
Նոյեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցավ ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Հայաստանն ու Իրանը ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրել են 2007թ., այն վավերացվել է ՀՀ և Իրանի խորհրդարաններում 2008-ին: 2011թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի ու Իրանի նախագահները հանձնարարել են երկու երկրների նախարարներին ձեռնամուխ լինել նախագծի գործնական իրականացմանը 2012թ.:
Հայաստանն ու Իրանը սահմանային Արաքս գետի վրա կկառուցեն Հարավային Կովկասի երկու ամենահզոր ՀԷԿ-երը՝ հայկական կողմից այն կլինի Մեղրիում, իսկ Իրանի կողմից՝ Կարաչիլարում: Շինարարությունը զուգահեռ կընթանա, ինչը թույլ կտա օպտիմալացնել ծախսերը 10-15 տոկոսով:
Կայաններից յուրաքանչյուրը տարեկան կտա 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրիի ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի 130ՄՎտ: Շինարարությունը կտևի 5 տարի, այն գնահատվում է 323 մլն դլոար, որը կներդնի Իրանական ներդրումային ընկերությունը:
Շինարարության ավարտից հետո օբյեկտը 15 տարի կշահագործի իրանական Farat-Sepasat ընկերությունը: Արտադրված էլեկտրաէներգիան կառաքվի Իրան, որի հաշվին կմարվի իրանական կողմի ներդրված գումարը: 15 տարի շահագործվելուց հետո ՀԷԿ-ը կդառնա Հայաստանի սեփականությունը: