Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած ՀՀՖ-ի նախագահության ընդլայնված նիստում ամփոփվել են 2012 թվականի մրցաշրջանում հանդբոլի մրցումների կազմակերպման, «Սմարթ» ծրագրով հանրակրթական և մանկապատանեկան մարզական դպրոցներում կատարված աշխատանքները: Քննարկվել են նաև 2015 թվականինին կայանալիք Համահայկական խաղերի ծրագրում հանդբոլը ընդգրկելու ուղղությամբ անելիքները և 2013-ի օրացուցային պլանը: Նիստը վարում էր ՀՀՖ նախագահ Սարգիս Գրիգորյանը:
ՀՀՖ փոխնախագահ Արսեն Հակոբյանը, անդրադառնալով 2012-ի մրցաշրջանին, նշել է, որ օրացուցային պլանով նախատեսված բոլոր մրցաշարերը կազմակերպվել են: Ալավերդիում և Երևանում լրացուցիչ կազմակերպվել հուշամրցաշարեր, որոնք նվիրված են եղել հայկական հանդբոլի երախտավորներ Օլեգ Գորբունովի և Տիգրան Թերզյանի հիշատակին:
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են հանդբոլիստուհիների Եվրոպայի «Չելենջ տրոֆի» և մինչև 18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարերին:
ՀՀՖ նախագահը հայտնեց, որ խնդիր է դրվել որպեսզի 2015-ի համահայկական խաղերի ծրագրում ընդգրկվի հանդբոլը: Դրա համար անհրաժեշտ է, որ առնվազն 5 երկրների 8 քաղաքների ներկայացուցիչներ մասնակցելու հայտեր ներկայացնեն:






