Ամերիկայի Հայկական համագումարը կոչ է արել Միջազգային հարաբերությունների ենթակոմիտեին լրացուցիչ լսումներ անցկացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների շուրջ` հաշվի առնելով որոշ առանցքային հայ-ամերիկյան խնդիրներ: ԱՀՀ ղեկավարների կարծիքով, ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ այդ հարցի շուրջ ելույթ ունեցողները արտահայտել են միայն թուրքամետ կարծիքներ, ինչն էլ դիսբալանս է առաջացրել, որը չի կարող նպաստել արդարացի գնահատականին: «Մենք հուսով էինք, որ լսումներին կներկայացվեն Թուրքիայի քաղաքականության մեջ անհրաժեշտ փոփոխությունները` մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի, Հայոց ցեղասպանության ժխտման եւ Անկարայի ԵՄ ձգտման հարցերում: Մենք մտահոգված ենք, որ այդ հարցերը չեն բարձրացվել»,-նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ենթակոմիտեի անդամին ուղղված ուղերձում ԱՀՀ անդամները երկու կարեւոր հարց են բարձրացրել, մասնավորապես, Թուրքիայի կողմից շարունակվող Հայաստանի շրջափակման եւ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ: «Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր դառնալ եւ մուտք գործել ԵՄ, ինչին նա ձգտում է, առանց Հայաստանի հետ սահմանի բացման, առանց Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու` առանց նախապայմանների եւ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման»,-ավելացրել է Արդունին:






