AM
13 May 2005 - 03:32 AMT

ՅՈՒ.ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլահմ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 15-ին Լեհաստանի մայրաքաղաքում: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Նրա խոսքերով, նախագահների հանդիպման նախօրեին, մայիսի 14-ին, համանախագահները կբանակցեն Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Հարկ է նշել, որ բանակցությունները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ տեղի են ունեցել ապրիլի 27-ին: Տեղեկացնելով հանդիպման ձեւաչափի մասին, Յու.Մերզլյակովը ասել է, որ, ըստ ավանդույթի, սկզբում համանախագահները համատեղ հանդիպում կանցկացնեն երկու նախագահների հետ, որի ժամանակ իրենց կարծիքները կկիսեն ստեղծված իրավիճակի շուրջ, ինչպես նաեւ կտեղեկացնեն կողմերին նախագահների վերջին հանդիպման արդյունքների մասին: Այնուհետեւ նախագահները առանձնազրույց կունենան: Նախագահների զրույցի ավարտին համանախագահները տեղեկացվում են հանդիպման արդյունքների մասին, կողմերը նշում են բանակցային գործընթացի նոր ուղղությունները: Յու.Մերզլյակովի խոսքերով, երկու նախագահների հանդիպումից նրանք մեծ ակնկալիքներ ունեն: «Վերջին անգամ նախագահները հանդիպել են անցյալ տարվա սեպտեմբերին: Ներկայումս հարցեր են կուտակվել, որոնք անհրաժեշտ է քննարկել: Մենք նախագահներին կներկայացնենք մեր կողմից նախապատրաստված հանդիպման օրակարգը, կազմված կոնկրետ հարցերից: Նրանք կարող են ընդունել կամ մերժել իրենց ներկայացված օրակարգը…»,-նշել է ռուս դիվանագետը: