Լիտվայի հետ ընկերական խաղի 28-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտն է նշել «Փյունիկի» երիտասարդ պաշտպան Տարոն Ոսկանյանը` փոխարինելով վնասվածք ստացած Ռոբերտ Արզումանյանին:
«Ընկերական հանդիպում էր, բայց մենք միայն հաղթանակի ձգտումով էինք խաղադաշտ դուրս եկել: Միգուցե ամբողջ 90 րոպեն չկարողացանք նույն մակարդակով անցկացնել, բայց կարևոր էր, որ հաղթեցինք և բարձր տրամադրությամբ ավարտեցինք տարին»,- ակումբի պաշտոնական կայքին ասել է պաշտպանը:
Ոսկանյանը խոստովանել է, որ խաղից հետո շատ մեծ տպավորություններ ունի, քանի որ աննկարագրելի զգացողություն է հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալը. «Սա իմ նորամուտն էր ազգային թիմում ու անչափ ուրախ եմ, որ այն հաղթանակով ավարտվեց: Լիտվայի հետ հանդիպումը Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղն էր: Նրա կողքին հավաքականում խաղալ ինձ չհաջողվեց, սակայն «Փյունիկում» բախտ եմ ունեցել մարզվել ու խաղալ Սարգիսի կողքին: Այդ ընթացքում նրանից շատ բան եմ հասցրել սովորել»:
Պաշտպանը ուրախ է, որ հիմա էլ Հովսեփյանը շարունակում է մնալ հավաքականի կողքին:






