AM
21 Նոյեմբեր 2012 - 13:56 AMT

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը սեանս անցկացրին Էրեբունու քրեակատարողական հիմնարկում

Նոյեմբերի 21-ին Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի և աշխարհի թիմային առաջնության չեմպիոններ, գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը շախմատային սեանս անցկացրին Էրեբունու քրեակատարողական հիմնարկում: Շախմատիստները 16 միաժամանակյա պարտիաներ անցկացրին: Նրանց որոշմամբ լավագույն 3 պարտիաների հեղինակները արտահերթ երկարատև տեսակցության հնարավորություն ստացան, իսկ մեկ մասնակցի էլ որոշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այդ 4 մասնակիցներն են Հարություն Դանիելյանը, Յերեմ Առաքելյանը, Շիրակ Միրզոյանը և Գոռ Հարությունյանը:

Թովմասյանը շնորհակալություն հայտնեց շախմատիստներին, որ նրանք չեն մերժել և նման սեանս են անցկացրել: «Մենք կշարունակենք այնպես անել, որ քրեակատարողական հիմնակրներում առօրյան ավելի հետաքրքիր անցնի, ու նմանատիպ մրցաշարեր հաճախակի կկազմակերպվեն»,- ընդգծեց նախարարը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Շիրակ Միրզոյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է խաղատախտակի մոտ մրցել նման ուժեղ և հայտնի շախմատիստների հետ: «Ես շախմատ սովորել եմ խաղալ դեռ մանկուց, այստեղ էլ հաճախակի ենք խաղում: Մեր առօրյայի մեծ մասն անցկացնում ենք բիլիարդ, սեղանի թենիս խաղալով և գիրք կարդալով: Վերջերս կարդացել եմ Թեոդոր Դրայզերի «Ֆինանսիստը», հիմա Նիցշե եմ կարդում: Ուրախ եմ, որ ինձ շատ քիչ ժամանակ է մնացել և փետրվարին ազատ եմ արձակվելու»,- ասաց նա:

Էրեբունու քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները շախմատիստների համար նվերներ էին պատրաստել: